Հանդիպմանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը: Ինչպես նաև ներկայացուցիչներ Արմավիրի մարզպետարանից, ՀՀ-ում գործող դեսպանատներից, ՏՏ, տեղական և միջազգային մի շարք կազմակերպություններից: Հանդիպման վարողն էր Արմիքս հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը: Հանդիպումը մեկնարկեց Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանի օրհնության խոսքով:
Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը: Ներկայացնելով ՀՄԽ-ի գործունեությունը՝ նա նշեց, որ բազմամյա փորձի շնորհիվ ՀՄԽ-ն հնարավորություն է ունեցել ոչ միայն շփվել երիտասարդների հետ, իրականացնել բազմաթիվ ծրագրեր իրենց համար, այլև հանդիպել բազմաթիվ ընկերությունների, քաղաքային և մարզային իշխանությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
- Այս շփումների ընթացքում բազմիցս ենք խոսել մեր մարզի, Հայաստանի զարգացման հեռանկարների մասին և եկել այն համոզման, որ ինովացիոն ենթակառուցվածքների զարգացումը հանդիսանում է մի շարք մարտահրավերների հաղթահարման միջոց, այդ թվում ՀՀ տարածքային համաչափ զարգացման, նորարար տնտեսության ստեղծան, տնտեսության և մշակութային կյանքի զարգացման և միջազգային ասպարեզում մրցունակության բարձրացման: Միևնույն ժամանակ համոզված ենք, որ ինովացիոն զարգացումը և ինովացիոն տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը հանդիսանում է ազգային անվտանգության ապահովման գրավական: Տնտեսական, ռազմական, մշակութային պատերազմ է աշխարհում և այդ պատերազմներում հնարավոր չէ արձանագրել հաղթանակներ առանց ինովացիոն զարգացման, - իր ելույթում նշեց Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը:
Այնուհետև ներկայացվեց Արմավիրի մարզում ինովացիոն ծրագրերի իրականացման և կրթության կենտրոնի հիմնման ՀՄԽ-ի նախաձեռնությունը:
Ըստ ծրագրի կենտրոնը կիրականացնի դասընթացներ ( մեդիա, ռոբոտաշինություն, մեխանիկա, էլեկտրոնիկա, ցանցային անվտանգություն, բիզնես դասընթացներ և այլն), կաջակցի սկսնակ ընկերություններին և թիմերին, նրանց կտրամադրի ընդհանուր աշխատանքային տարածք: Կստեղծվեն թիմեր, որոնք կկարողանան մենթորների օգնությամբ իրականացնել քաղաքային տնտեսության, գյուղատնտեսության, արտադրության, վերամշակող արդյունաբերության մեջ նորարարությունների ներդրման հնարավոր տարբերակների ուսումնասիրություն, առաջարկել լուծումներ, ինչպես նաև մասնակցել դրանց ներդրմանը:
Կենտրոնը նախատեսում է նորարարական հարթակ դառնալ մարզում արդեն իսկ ծրագրեր իրականացնող ընկերությունների շահառուների համար, ինչպես նաև պատրաստել թիմեր և ընկերություններ, որոնք կմասնակցեն հանրապետությունում և հանրապետությունից դուրս անցկացվող մրցույթներին:
Կենտրոնը հիմնելու համար ՀՄԽ-ն առաջին փուլում անհատույց կտրամադրի 140 ք/մ տարածք՝ հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ: Իսկ «Արփինետ» ընկերությունը, լինելով մարզի խոշորագույն ՏՏ ընկերություն, հանձն է առել աջակցել կենտրոնի ստեղծմանը՝ ապահովելով ցանցի ստեղծումը, անվտանգության ապահովման, սպասարկման աշխատանքները՝ նվիրաբերելով մի շարք սարքավորումներ, տրամադրելով բարձր արագության ինտերնետ կապուղիներ, ինչպես նաև տրամադրելով մասնագետներ մի շարք դասընթացների իրականացման համար:
Մի շարք սփյուռքահայ գործիչներ, տեղական և միջազգային ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են հայտնել միանալ նախաձեռնությանը, ստացվել են առաջին նվիրատվությունները Հարութ Բրոնոզյանից (ԱՄՆ), Մկրտիչ Բաբայանից (ԱՄՆ) և Չառլի Թակեսյանից (ԱՄՆ):
Հանդիպումը շարունակվեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի ելույթով:
Բարձր գնահատելով ՀՄԽ-ի գործունեությունը մարզում մշակութային կյանքի ակտիվացման, քաղաքացիական հասարակության կայացման և կրթության ոլորտում, փոխնախարարը նշեց, որ ՀՄԽ-ի այս փորձառությունը միանշանակ հաջողություն կապահովի տվյալ նախաձեռնությանը: Նա նաև նշեց, որ կառավարությունը, մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը, իր բոլոր հնարավորություններով կաջակցի Արմավիրի մարզում ինովացիոն զարգացմանը:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը իր ելույթում նշեց, որ հավատում և աջակցում է ՀՄԽ-ի նախաձեռնությանը և կարևորում Էջմիածին քաղաքում նմանատիպ կենտրոնի առկայությունը: Քաղաքապետը նշեց, որ կենտրոնը հնարավորություն կտա և´ քաղաքի, և´ մարզի երեխաներին, երիտասարդներին գիտելիքներ ձեռք բերել ու զարգացնել դրանք տվյալ ոլորտում:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն նազարյանը նշեց որ Կլոր Սեղան հիմնադրամի գերակա ուղություններից մեկը միշտ եղել է համակարգչային գրագիտությունը, հավելելով որ Կլոր Սեղանը իր հնարավորությունների սահմաններում անպայման կաջակցի ՀՄԽ-ի նախաձեռնությանը, քանզի համոզված է, որ այն միանշանակ հաջողություն կգրանցի:
«Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը նշեց, որ այսպիսի կենտրոնների առկայությունը մարզերում, հնարավորություն կտա ստեղծել այնպիսի արտադրանք, որը սահմաներ չի ճանաչի և հնարավոր կլինի այն հասանելի դարձնել ամբողջ աշխարհում, բարձրացնելով Հայաստանի մրցունակությունը տնտեսության տարբեր ոլորտներում:
ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և փոխտնօրեն Հայկ Չոբանյանը ներկաների հետ կիսվեցին ՀՀ մարզերում ինովացիոն զարգացման ԻՏՁՄ-ի փորձառությամբ, պատմեցին իրականացված և իրականացվող ծրագրերի, դրանց մեթոդների, ազդեցության և հաջողությունների մասին:
Հանդիպումը շարունակվեց ազատ քննարկմամբ, որի ընթացքում նախաձեռնության և մարզերի ինովացիոն զարգացման հեռանկարների վերաբերյալ իրենց կարծիքները հայտնեցին Հայաստանում Եվրոմիության պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Ավագյանը, UNIDO-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, UNDP «Կոլբա լաբ» կենտրոնի ղեկավար Մարինա Մխիթարյանը, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը: Իսկ Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչներ Նելսոն Մամուլյանը և Պատվական Հախինյանը ներկայացրեցին երկու կենտրոնների գործունեությունը:
Երեկոյի վերջում ներկաները վայելեցին գեղարվեստական մաս և հյուրասիրություն: