
Ֆինանսավորող. Փի-Էյչ Ինթերնեշնլ
Ծրագրի տևողությունը. 3 ամիս (01.02.2014 - 30.04.2014 թթ)
Ծրագրի նպատակը. Նպաստել Էջմիածին քաղաքի և հարակից համայնքների 13-18 տարեկան երեխաների կրթությանը և ձևավորմանը, որպես քաղաքացիական հասարակության լիարժեք անդամ:
Հիմնախնդիրը.
Էջմիածին քաղաքում և հարակից համայնքներում բնակչությունը՝ հատկապես երեխաները, իրազեկ չեն իենց իրավունքներին և ազատություններին: Անիրազեկության հետևանքով հարվածի տակ են ընկնում հիմնականում երեխաները: 13-18 տարեկան հասակում երեխաները առավել շատ ունեն ինքնարտահայտվելու, ինքնադրսևորվելու, կրթության, իրավական պաշտպանվածության կարիք: Անձի ձևավորման և զարգացման հենց այս փուլում է, որ անհրաժեշտ է նրան իրազեկել և ճիշտ ուղղորդել: Չիմանալով մարդու հիմնարար իրավունքները, օրենքը, չհարգելով և չընդունելով այլոց իրավունքներն ու ազատությունները, օրենքի ուժի և իրավապահների հանդեպ անվստահությունը, ազատությունների թույլատրելի սահմաններն անցնելը հանգեցնում են օրինապահ, իրավահավասար, ժողովրդավար քաղաքացիական հասարակության մոդելի խախտմանը:
Իրավահավասարության գաղափարի բացակայության պայմաններում խոցելի խմբերի` սոցիալապես անապահով ընտանիքների և օրինախախտ երեխաները դուրս են մղվում հասարակության լայն շերտերից կամ խտրականության են ենթարկվում:
Սոցիալական ցանցերն այսօր Հայաստանում մեծ տարածում են գտել և դրանցում ընթացող շատ քննարկումներ բավականին լուրջ են և կարևոր, ինչպես նաև այն հանգամանքը, որ ցանցերը շատ արագ են արձագանքում երկրում տեղի ունեցող իրադարձություններին և շատ հաճախ հենց այդ ցանցերն են կատարում կազմակերպչական, մարդկանց մեկ գաղափարի և նպատակի շուրջ հավաքելու ֆունկցիան:
«Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը նույնպես մտահոգ լինելով այս խնդիրներով, տարիների ընթացքում ձեռնարկել և իրականացրել է մի շարք միջոցառումներ և ծրագրեր երեխաների իրավունքների իրազեկման և իրավական սոցիալականացման ոլորտներում:
Ծրագրի շահառուները
Ծրագրի շահառուներն են Էջմիածին քաղաքի և հարակից Աղավնատուն, Ապագա, Ծիածան, Ոսկեհատ համայնքների 13-18 տարեկան 200 աշակերտները, այդ թվում խոցելի խմբերի երեխաները:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈւՄԸ
Էջմիածին քաղաքի և հարակից համայնքների դպրոցների, ինչպես նաև «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի արվեստաց դպրոցի 15-18 տարեկան առավել ակտիվ, բանիմաց աշակերտներից ձևավորվեց 20 հոգանոց ակտիվ խումբ:

Ակտիվ խմբի համար Իրավունքների իրազեկման կազմակերպում:
Ակտիվ խմբի անդամները մասնակցեցին երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացի: Իրավապահ համակարգի գործունեությանը ծանոթանալու նպատակով այցելեցին ՀՀ ոստիկանությաան Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի տարածքային բաժին: ՀՄԽ ԲՄՀԿ-ի «Մաչանենց» թատրոնում դիտեցին իրավունքների վերաբերյալ ինտերակտիվ ներկայացում:

Ունեցան նկարչության վարպետաց դաս և պատրաստեցին երեխաների իրավունքների և դրանց պաշտպանության թեմայով պաստառներ:

Իրավունքների իրազեկման կազմակերպում դպրոցներում:
Յուրաքանչյուր համայնքի թիմ իր դպրոցում 13-18 տարեկան աշակերտների համար անցկացրեց իրավունքների թեմայով սեմինար: Թեմատիկ պաստառները ցուցադրվեցին որպես սեմինարի դիդակտիկ նյութ և ներկայացվեցին որպես կոչ` ի պաշտպանություն երեխայի իրավունքների:

Կրթության հնարավորությունների լուսաբանման սեմինար ակտիվ խմբի համար:
ՀՄԽ ԲՄՀԿ-ում ակտիվ խմբի ներկայացուցիչների համար անցկացվեց կրթության հնարավորությունների վերաբերյալ սեմինար: Նրանց նաև տրվեց խորհրդատվություն սեփական կարողությունները բացահայտելու, մասնագիտություն ընտրելու և աշխատանք փնտրելու վերաբերյալ:
Սեմինարավարի և մասնակիցների կողմից պատրաստվեց ՀՀ-ում կրթության հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկ:

Կրթության հնարավորություների լուսաբանման սեմինարի իրականացում դպրոցներում:
Մասնագիտական սեմինարից հետո յուրաքանչյուր համայնքի թիմ ուղղորդվեց իր դպրոց և 13-18 տարեկան աշակերտների, այդ թվում խոցելի խմբերի ներկայացուցիչների համար իրականացրեց ՀՀ-ում կրթական հնարավորությունների վերաբերյալ սեմինար: Աշակերտներին փոխանցվեցին նաև տեղեկատվական գրքույկները:
Սոցիալական մեդիայի դասընթացի իրականացում:
Ծրագրի մասնակիցները ուսումնասիրեցին մեդիա ոլորտը, ծանոթացան սոցիալական մեդիային, տեղեկատվական տեխնոլոգիաներին (ՏՏ), համակարգչային տեխնոլոգիաների տեխնիկական և ծրագրային ապահովումներին, համացանցին: Գիտելիքներ ստացան համացանցի ստեղծման նպատակների, կիրառման ոլորտների, դրա օգուտների, վնասների և համացանցը՝ որպես խնդիրները լայն մասսաներին հասցնելու գործիք, օգտագործելու վերաբերյալ: Ծանոթացան սոցիալական ցանցերին, իմացան, թե ինչպես կարելի է ճիշտ և անվտանգ օգտվել սոց. ցանցերի ընձեռած հնարավորություններից և ինչպես խուսափել դրանց վնասակար ազդեցությունից, ինչպես իրենց հուզող հիմնախնդիրները բարձրաձայնել սոց. ցանցերում և հասարակության ավելի մեծ մասի ուշադրությունը կենտրոնացնենք դրանց լուծման վրա:
Դասընթացի ընթացքում սովորեցին Facebook սոցիալական ցանցում ստեղծել հաշիվներ, օգտվել ֆունկցիաներից, անվտանգ տարածել և հարկ եղած դեպքում պաշտպանել տեղեկատվությունը:

Ակտիվ խմբի անդամները մասնակցեցին լրագրության սեմինարի, ծանոթացան լրագրողի մասնագիտությանը, բովանդակալից և ճշմարտացի հոդվածներ և ռեպորտաժներ պատրաստելու նրբություններին: ստացած գիտելիքները կիրառվեցին հոդվածներ, ռեպորտաժներ պատրաստման, համայնքներում առկա խնդիրները և ծրագրի ընթացքում տեղի ունեցող միջոցառումներն ու իրադարձությունները լուսաբանելու համար:

Դասըթացի ընթացքում ստացան տեսա-լուսանկարահանման և վիդեոմոնտաժի տեսական և գործնական գիտելիքներ: Սովորեցին օգտվել տեսախցիկից, ճիշտ լուսանկարել և գեղեցիկ լուսանկարներ ստանալ: Յուրաքանչյուր համայնքի թիմ պատրաստեց իր համայնքի մասին պատմող ֆոտոշարք:
Բլոգավարման դասընթացի ընթացքում, հատուկ ծրագրի համար ստեղծված բլոգի հիման վրա, գործնական գիտելիքներ ձեռք բերեցին, թե ինչպես պետք է բլոգում հոդվածներ տեղադրել և տարածել ողջ համացանցով:

Սոց. ցանցերի սեմինարի իրականացում դպրոցներում:
Յյուրաքանչյուր համայնքի թիմ իր դպրոցում 13-18 տարեկան աշակերտների, այդ թվում նաև խոցելի խմբի երեխաների համար անցկացրեց սոց. ցանցերի թեմայով սեմինար: Սեմինարների ընթացքում ակտիվ խմբի անդամները իրենց ստացած գիտելիքները փոխանցեցին իրենց հասակակիցներին, սովորեցրեցին ճիշտ օգտվել համացանցից և սոցիալական ցանցերից, ծանոթացրեցին դրանց դրական, բացասական կողմերին, ընձեռած հնարավորություններին, ինչպես խուսափեն հնարավոր վտանգներից, օգտագործելով համացանցը և սոց. ցանցերը որպես ինֆորմացիայի տարածման գործիք, իրենց հուզող խնդիրները արդյունավետ կերպով բարձրացնեն և հասարակության ավելի լայն մասսայի աջակցությամբ դրանց լուծում գտնեն:

Երիտասարդական ծրագրերի նախագծում և իրականացում:
Ակտիվ խմբի անդամները մասնակցեցին նաև երիտասարդական խնդիրների նախագծման սեմինարի, որի արդյունքում սովորեցին ճիշտ գնահատել Էջմիածին քաղաքի և հարակից համայնքների 13-18 տարեկան երիտասարդների կարիքները, գրագետ, հստակ ձևակերպեցին և ներկայացրեցին նախագծեր` դրամաշնորհ ստանալու և իրենց հուզող խնդիրները լուծելու համար:

Ներկայացված նախագծերից երկուսը ընտրվեցին և իրականացվեցին ողջ խմբի ջանքերով:
Առաջին նախագծի իրականացման արդյունքում Ապագա համայնքի դպրոցի բակում տեղադրվեցին նստարաններ և աշակերտների համար կառուցվեց հարմարավետ հանգստի գոտի:

Երկրորդ նախագծի շնորհիվ կազմակերպվեց այցելություն Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Հավաքագրվեց և ձեռք բերվեց մեծ քանակությամբ գիրք և խաղալիք, որը տեղում ցուցադրված թատերական ներկայացումից հետո հանձնվեց կենտրոնի սաներին:

Հատուկ ծրագրի համար ստեղծված բլոգում, ծրագրի ֆեյսբուքյան էջում և Հայ Միասնության Խաչ բ.մ.հ.կ-ի ֆեյսբուքյան էջում լուսաբանվեց Էջմիածին քաղաքի և հարակից համայնքների երիտասարդներին առնչվող խնդիրները, հանրությանը ներկայացվեց ծրագրի ողջ ընթացքը և տեղի ունեցող միջոցառումները:
Ծրագրի հաշվետու միջոցառման կազմակերպում:
Ծրագրի ավարտին կազմակերպվեց «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի հաշվետու միջոցառում, որի ընթացքում ակտիվ խմբի անդամները ներկայացրեցին իրենց գործունեությունը ծրագրի շրջանակներում։ Շնորհակալագրեր հանձնվեցին բոլոր նրանց, ովքեր աջակցել են ծրագրի իրականացմանը և պատվոգրեր ծրագրի բոլոր մասնակիցներին։ Դահլիճի նախասրահում ցուցադրվեցին ծրագրի մասնակից երիտասարդների կողմից նկարված լուսանկարներն ու պատրաստված պաստառները։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի ընթացքում համագործակցություն է հաստատվել Աղավնատուն, Ապագա, Ծիածան, Ոսկեհատ համայնքների և Էջմիածին քաղաքի № 5 դպրոցների հետ, որոնք ծրագրի ավարտից հետո ակտիվորեն ներգրավվել են կազմակերպության կողմից իրականացվող այլ ծրագրերում նույնպես: