[ YEREVAN TIMES ] Հանուն տաղանդավոր սերնդի




«Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը Ճամբարակի տարածաշրջանում:
Դա է փաստում այս շրջանում Համայնքային Զարգացման Կենտրոնի ստեղծումը, որի միջոցով իրականացվում են մի շարք ենթածրագրեր՝ երիտասարդ նախաձեռնողների խմբի ստեղծում, տեղեկատվական կենտրոնի ստեղծում, ամառային ճամբարների կազմակերպում: Վերջինս կարևոր ու ոգևորիչ դեր ունեցավ հատկապես երեխաների համար: Տարածաշրջանի ութ համայնքներից մոտ մեկ տասնյակ երեխաներ օգոստոսի 21-27-ն անցկացրել են Էջմիածնում՝ ՀՄԽ կենտրոնում: Ծրագիրն իրականացվել է «Հայկական Կարիտաս» և «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունների համատեղ ֆինանսավորմամբ: Մեկ շաբաթվա ընթացքում երեխաները մասնակցել են նկարչության, կավագործության, երգի, պարի դասընթացների, նրանց համար կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, էքսկուրսիաներ:

Ըստ այս ծրագրի դասընթացների ժամանակ երեխաների ստեղծած աշխատանքները ներկայացնելու համար կազմակերվել են երկու ցուցահանդեսներ: Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Էջմիածնում՝ օգոստոսի 27-ին, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 18-ին Ճամբարակի շրջանի Դպրաբակ գյուղում, որին ներկա են եղել ՀՄԽ-ի փոխնախագահ Նարինե Մուրադյանը, ծրագրի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, «Հայկական Կարիտաս» և «Վորլդ Վիժն Հայաստան» ԲՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր համայնքների ղեկավարներ ու բնակիչներ:
Ինչպես նշում է ճամբարակի տարածաշրջանում ՀՄԽ կողմից իրականացվող ծրագրերի համակարգող Արփինե Գյուլումյանը, այս ծրագիրն ու կազմակերպված ցուցահանդեսներն ինքնանպատակ չեն: Ծրագրի միջոցով հեռավոր շրջաններում ապրող երեխաները ևս ներգրավվում են նման մշակութային միջոցառումներում, ինչպես նաև նման դասընթացների միջոցով բացահայտվում են տաղանդավոր երեխաներ, ովքեր հնարավոր է շարունակեն իրենց ուսումը տվյալ ուղղությամբ և դառնան լավ մասնագետներ:

Ըստ նրա՝ ծրագրին մասնակցած երեխաները շատ են ոգևորվել ու թեև Դպրաբակի ցուցահանդեսից ընդամենը մի քանի օր է անցել, նրանք արդեն պատրաստվում են հաջորդ տարվա ցուցահանդեսին և պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի ծրագիրը կրկին ֆինանսավորվի և շարունակական լինի: Այս ցուցահանդեսի առավելությունն այն է, որ այն մշտապես մնալու է Դպրաբակում՝ Համայնքային Զարգացման Կենտրոնի շենքում և ցանկացողներն ամեն պահի կարող են այցելել ու ծանոթանալ աշխատանքներին:
Ցուցադրված աշխատանքների հեղինակներից ամենակրտսերը՝ 7-ամյա Հասմիկը, պատմում է, որ անհամբերությամբ էր սպասում այդ օրվան, քանի որ ցուցադրվելու էին իր երկու հրեշտակները, որոնցից մեկն իր պատրաստած կավե հրեշտակն էր, իսկ մյուսը՝ նկարը, որում նկարել էր իր փոքր քրոջը: Նա համոզված է, որ իր հրեշտակները դուր են եկել բոլորին:

Ինչպես մնացած երեխաները, Հասմիկը ևս ցանկանում է, որ ծրագիրը շարունակական լինի և այժմ մտածում է հաջորդ ցուցահանդեսին հնարավորինս լավ ներկայանալու մասին:
Այս երեխաների սպասելիքները կիրագործվեն միայն այն դեպքում, եթե այս և նմանատիպ այլ ծրագրեր ուշադրության արժանանան մեծ ֆինանսներ ունեցող կազմակերպությունների կողմից, որոնք պատրաստ կլինեն օգնել ՀՄԽ-ին և միասնական ուժերով կշարունակեն իրենց գործունեությունը հանուն հեռավոր շրջաններում ապրող տաղանդավոր երեխաների:

                            http://yerevantimes.am/hanun-serndi/