Կանանց համար աշխատատեղերի ստեղծում Այգուտ համայնքում


Ծրագրի տևողությունը. 10 ամիս (01.04.2014թ - 31.01.2015թթ)

Ծրագրի իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնք

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ֆինանսավորմամբ, «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի կողմից 2014 -15 թթ. իրականացված «Կանանց համար աշխատատեղերի ստեղծում Այգուտ համայնքում» ծրագրի նպատակն էր նպաստել Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի կանանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը ճախարակագործության, գորգագործության և կարպետագործության միջոցով: Ծրագրի իրականացուման ընթացքում ուշադրության են արժանացել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց մոտ ավանդական ճանապարհով թելի ստացման, գորգագործական և կարպետագործական հմտությունների զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքների բարձրացումը, համայնքի անդամների համար ժամանցի հնարավորության, աշխատատեղերի ստեղծումը: 

1700-ականներին հիմնադրված և 1988 թ-ից Ադրբեջանական ՍՍՀ Շամխորի, Կիրովաբադի շրջանների հայաբնակ գյուղերի, ինչպես նաև Արծվաշենի փախստականներով վերաբնակեցված Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի առջև բազաթիվ խնդիրներ են ծառացած: 2014 թ.-ին ՀՄԽ-ի իրականացրած կարիքների գնահատման արդյունքում պարզ դարձավ, որ Այգուտ համայնքի բնակչության գերակշիռ մասը գտնվում է ծանր սոցիալական պայմաններում: 

Համայնքում մեծ է արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվը, որի հետևանքով ընտանիքը կառավարելու հոգսը մնում է կնոջ վրա, ինչն էլ իր հերթին ծնում է բարոյահոգեբանական բազմաթիվ խնդիրներ: 

Համայնքի կանայք ունեն նաև սոցիալականացման խնդիր, քանի որ համայնքում շատ քիչ են կանանց համար նախատեսված աշխատատեղերը, չկան ժամանցի վայրեր: 

Ծրագրի իրականացումը 

«Կանանց համար աշխատատեղերի ստեղծում Այգուտ համայնքում» ծրագրի իրականացումը միտված էր ոչ միայն աշխատատեղերի ստեղծման միջոցով կանանց տնտեսական վիճակի բարելավմանը, այլ նաև սոցիալականացմանը:


Ծրագրի առաջին փուլում ծրագրի աշխատակազմի, ՀՄԽ-ի կամավորների և Այգուտի բնակիչների կողմից նախապատրաստվեց արհեստանոցը: Բարեկարգվեց աշխատանքային միջավայրը, արհեստանոցը վերազինվեց գորգագործական պարագաներով՝ դազգահներվ, գործիքներով: 



Այնուհետև ծրագրին մասնակցել ցանկացող շահառուների համար իրականացվեցին վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած շահառու կանայք ծրագրի ընթացքում ապահովվեցին աշխատանքով:


Մշակվեցին գորգերի և կարպետների էսքիզներ, քարտեզնե, հիմնված հայկական ավանդական գորգերի, տարբեր դարաշրջանների հայկական ճարտարապետական կոթողների զարդաքանդակների, ձեռագիր մատյաններից` ավետարաններից վերցված զարդանախշերի, ժայռապատկերների, հայ և օտարազգի նկարիչների ստեղծագործությունների վրա:

Էսքիզների հիման վրա կարպետագործներն ու գորգագործները ծրագրի ողջ ընթացքում ստեղծեցին հայկական ավանդական գորգեր և կարպետներ:



Համայնքի բնակիչների անդամների ժամանցի կազմակերպման նպատակով ՀՄԽ ԲՄՀԿ-ի «Մաչանենց» թատերախմբի կողմից ցուցադրվեց ներկայացում:

Ծրագրի շահառու կանանց մոտ առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքների զարգացման նպատակով իրականացվեց իրազեկման դասընթաց: