[Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին] «Մարզերի ինովացիոն զարգացման հեռանկարներ» հանդիպում – քննարկում «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում:


Արմավիրի մարզում նորարարական ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման նպատակով Էջմիածնում գործող Հայ Միասնության Խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Մարզերի ինովացիոն զարգացման հեռանկարներ» թեմայով հանդիպում-քննարկում:
Հրավիրված էին ներկայացուցիչներ պետական եւ տարածքային կառավարման մարմիններից, միջազգային կազմակերպություններից, հոգեւոր դասից, ՀՀ-ում գործող դեսպանատներից եւ ՏՏ ոլորտի ընկերություններից: 

Ներկայացնելով Արմավիրի մարզում ինովացիոն զարգացմանն ուղղված «Հայ Միասնության Խաչ»-ի ծրագիրը, կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը նշեց, որ ինովացիոն ենթակառուցվածքների զարգացումը հանդիսանում է մի շարք մարտահրավերների, այդ թվում` ՀՀ տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաեւ տնտեսության եւ մշակութային կյանքի զարգացման եւ միջազգային ասպարեզում մրցունակության բարձրացման միջոց: 

Նորարարական զարգացման հեռանկարների, խնդիրների եւ մարզերում դրա զարգացման անհրաժեշտության մասին խոսեցին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը եւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: 

Քննարկման ընթացքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր Սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ ՀՄԽ-ն իր նախաձեռնություններում վայելում է քաղաքային իշխանության աջակցությունը: Հիմնվելով ձեռք բերած փորձի վրա Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչների գլխավոր խորհուրդը նույնն էր` մեծ ուշադրություն դարձնել մասնագետների պատրաստման խնդրին: Հանդիպում-քննարկման մասնակիցները խոստացան տարիների կուտակած փորձի փոխանակման եւ փոխայցերի միջոցով նպաստել նախագծի կայացմանը: