[HHpress.am] «Մեր վարքագծով կերտում ենք մշակույթ»

«Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային ՀԿ-ն իրականացնում է 2-րդ միջազգային սիմպոզիումը։ «Անցած տարի սիմպոզիումը կրում էր «Երբ ծաղկում են բալենիները» խորագիրը եւ նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին։
Այս տարի այն նվիրված է միջմշակութային երկխոսության միջազգային օրվան՝ մայիսի 21-ին», - «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ ասաց արվեստի դպրոցի տնօրեն Գրիգոր Բաբախանյանը (Մաչանենց)։ Սիմպոզիումը, որը մեկնարկել է մայիսի 14-ին, մասնակցում է 23 հայ եւ 14 օտարերկրացի նկարիչ Հայաստանից, Ճապոնիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Եգիպտոսից, Բելառուսից եւ Ռուսաստանից։ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սիմպոզիումին մասնակցում են նաեւ հայկական խաչքարագործության արվեստի պահպանման ծրագիր իրականացնող «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցի» 9 խաչքարագործ, ինչպես նաեւ խեցեգործ Վահագն Համբարձումյանը Սիսիանից։
«Սա նկարչական սիմպոզիումից վերաճեց արվեստի լայնածավալ սիմպոզիումի։ Երբ 30 տարի առաջ հիմնադրվեց ՀՄԽ-ն, այն գիտակցում էր, որ «զենքի պատերազմը» կարող է ունենալ զինադադար, բայց «մշակույթի պատերազմը» չի կարող։ Հետեւաբար, մեր ազգը պետք է հասկանա, որ ամեն պահին մենք մեր վարքագծով կերտում ենք մշակույթ»,–ասաց Գրիգորը։ Նրա համոզմամբ՝ հայ մշակույթը պետք է այնպես ստեղծվի, որպեսզի հայի տեսակը աշխարհին պարզերես ներկայանա։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր աշխատանքային այցի ընթացքում «Հայ Միասնության Խաչ» արվեստի դպրոցում շրջայց կատարեց ու զրուցեց ՀՄԽ տնօրենի եւ դպրոցի մնացած անդամների հետ։