[MinCult.am] ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզ

Ս. թ. մայիսի 17-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցել է ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Էջմիածնում նախարարն այցելել է նաև «Հայ Միասնության Խաչ» արվեստի դպրոց որտեղ շրջել և զրուցել է դպրոցի մանկավարժների, սաների և կենտրոնի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի հետ: Հ. Պողոսյանը բարձր է գնահատել կրթամշակութային այս հաստատությունում կյանքի կոչված ծրագրերը և կարևորել ապագա նախագծերի արդյունավետ իրականցումը:
Նշենք, որ ս. թ. մայիսի 14-21-ը՝ «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Միասնության արվեստ» խորագրով «Մաչանենց» 2-րդ միջազգային սիմպոզիումը: 2016 թվականին սիմպոզիումը նվիրված է միջմշակութային երկխոսությանը, որին մասնակցում են 23 հայ և 14 օտարերկրացի նկարիչներ՝ աշխարհի 7 պետություններից (Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Ճապոնիա, Նիդերլանդեր, Ռուսաստանի Դաշնություն): Սիմպոզիումին մասնակցում են նաև, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հայկական խաչքարագործության արվեստի պահպանման ծրագիր իրականացնող «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցը» և Սիսիան քաղաքից խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանը: Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ականատես կլինեն հայկական խաչքարերի և զարդաքանդակների ստեղծման, ինչպես նաև կավե անոթների պատրաստման ստեղծագործական գործընթացներին: Խեցեգործության բազմադարյա ավանդույթները ներկայացնող այդ կավե նմուշները կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության թանգարանը: «Մաչանենց» միջազգային սիմպոզիում 2016-ի» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա՝ ս. թ. մայիսի 21-ին, ժամը 12։00-ին, «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության տարածքում: Սիմպոզիումի իրականացումը լայն հնարավորություն է ընձեռում միջմշակության փոխանակման, ավանդական մշակութային ժառանգության պահպանման ու տարածման համար: