Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի զբոսաշրջության խթանում



Ֆինանսավորող. Հայկական Կարիտաս

Ծրագրի տևողությունը․ 4 ամիս (01.05.2016 - 31.08.2016 թթ.)

Ծրագրի իրականացման վայրը․ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակի տարածաշրջան

2016 թ.-ի մայիսի 1-ից «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն մեկնարկել է «Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի զբոսաշրջության խթանում» ծրագիրը, որն իրականացվում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի ֆինանսավորմամբ և «Մաչանենց Տուրիզմ ընդ Արտ» սոցիալական ձեռնարկության աջակցությամբ:

Ծրագրի թիրախ Ճամբարակի տարածաշրջանը գտնվում է մարզկենտրոն Գավառ քաղաքից 80-120 կմ հեռավորությամբ, ծովի մակարդակից 1500 – 2800 մ բարձրության վրա: Տարածքը Քրիստոսից առաջ 3-րդ-4-րդ դարերում մտել է Մեծ Հայքի Արցախ և Այրարատ նահանգների մեջ, 5-10-րդ դարերում եղել է Սասանյան Իրանի և Արաբական խալիֆության տիրապետության տակ: 10-րդ դարի վերջին մտել է Բագրատունիների, ապա Կյուրիկյան թագավորության մեջ: 1920-37-ին կազմել է Դիլիջանի շրջանի մի մասը: 

Տարածաշրջանի բոլոր համայնքները գրեթե ամբողջությամբ 1988-ից վերաբնակեցվել են Ադրբեջանական ՍՍՀ Շամխորի, Կիրովաբադի շրջանների հայաբնակ գյուղերի, ինչպես նաև Արծվաշենի փախստականներով: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, հատկապես հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի մշակմամբ և անասնապահությամբ, անասնաբուծական մթերքի արտադրությամբ 

Համայնքներում մեծ է արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվը, որի հետևանքով ընտանիքը կառավարելու հոգսը մնում է կնոջ վրա, ինչն էլ իր հերթին ծնում է բարոյահոգեբանական բազմաթիվ խնդիրներ: Որպես եկամուտի աղբյուր ունենալով միայն գյուղատնտեսական աշխատանքներից ստացված փոքրածավալ եկամուտները, բնակիչները կարիք ունեն լրացուցիչ աշխատանքի և եկամուտների։



Գեղարքունիքի մարզ այցելող զբոսաշրջիկների «առաքելությունն» ավարտվում է սոսկ Գոշավանք և Սևան այցելելով, մինչդեռ ծրագրի թիրախ տարածաշրջանում կան պատմամշակութային օջախներ, ճարտարապետական հուշարձաններ և այլն: Իսկ գեղատեսիլ բնությունն իր անտառներով , առվակներով ու աղբյուրներով, հովիտներով ու լեռներով մեծ պոտենցյալ է տարածաշրջանը էկոտուրիզմի կենտրոն դառնալու համար: Մեղմ, բարեխառն կլիման թույլ է տալիս կլոր տարին վայելել հարուստ ու գունեղ բնությունը։ Տարածքում առկա են զբոսաշրջային որոշ ենթակառուցվածքներ, որոնք փորձի և տեղեկատվության պակասի պատճառով լիարժեք չեն գործում և հաստատուն եկամուտներ չեն ապահովում ծառայություններ մատուցողներինֈ Այս ամենը մեծ ռեսուրս է, որը ճիշտ ներկայացնելու և մատուցելու դեպքում կարող է համայնքի զարգացմանը մեծ խթան հանդիսանալ։ Զբոսաշրջիկները տեղում սպասարկվելով, որոշակի ֆինանսական ներդրում կունենան ոչ միայն համայնքի, այլև տեղացի արտադրողի բյուջեում:


Ծրագրով նախատեսվում է աջակցել թիրախ համայնքներում գործող 5 ընտանեկան ձեռնարկությունների , որոնք աշխատում են զբոսաշրջության ոլորտում կամ մատուցում են այնպիսի ծառայություններ, որոնք կարող են զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնել։ 5 ձեռնարկությունների համար կմշակվեն լոգոտիպեր, կստեղծվեն վեբկայքեր, կմշակվեն ու կտպագրվեն գովազդային թերթոններ, իսկ գործունեության վայրին մոտ կտեղադրվեն ճանապարհային ինֆորմացիոն ցուցանակներ, որոնք զբոսաշրջիկին կուղեկցեն դեպի ձեռնարկությունը։ 5 Ձեռնարկատերերի համար կկազմակերպվեն նաև մի շարք դասընթացներ, որոնք կօգնեն իրենց ծառայությունները ճիշտ ներկայացնել համապատասխան առցանց հարթակներում, կկազմակերպվեն փորձի փոխանակման այցեր։ Տարածաշրջանում կստեղծվի հայկական տարազների արհեստանոց – ցուցասրահ, որտեղ կցուցադրվեն տարածաշրջանին հատուկ հայկական տարազի օրինակներ, տարազները ծրագրի շահառուների կողմից գործնական կիրառում կստանան՝ առավել գրավիչ ու գունեղ դարձնելով նրանց կողմից մատուցվող ծառայությունները։


Ուսումնասիրելով ձեռնարկությունների կողմից ծավալվող գործունեությունը, հատուկ ուշադրություն դարձնելով դրանց առանձնահատկություններին մշակվել են ձեռնարկությունների լոգոտիպերը։ Պատրաստվել են 5 կայքեր, որոնք անգլերեն լեզվով ներկայացնում են ձեռնարկությունների գործունեությունը, գրավչությունը, հատուկ կայքի համար արված լուսանկարները առավել գրավիչ են դարձնում մատուցվող ծառայությունները։ Կայքերում տեղակայված է անհրաժեշտ ողջ ինֆորմացիան ծառայությունների, դրանց տեղակայման և դրանցից օգտվելու կարգի վերաբերյալ։ 


Ծրագրի շրջանակներում մշակված լոգոտիպերը և արված լուսանկարները կիրառվեցին նաև գովազդային թերթոնների պատրաստման փուլում, որոնք կկիրառվեն մատուցվող ծառայությունների գովազդման նպատակով: Ծրագրի շահառու 5 ձեռնարկությունների համար պատրաստվեցին նաև այցեքարտեր։


Ծրագրի շահառու 5 ձեռնարկություններից 8 ներկայացուցիչներ օգոստոս ամսին մասնակցեցին Էջմիածնում կազմակերպված կարողությունների զարգացման 4-օրյա կարողությունների զարգացման դասընթացին։ Դասընթացները անցկացվեցին փորձառու մասնագետների կողմից, ովքեր ուսուցման պրոցեսը համեմել էին բազմաթիվ գործնական ու ինտերակտիվ բաղադրիչներով։ 4 օրերի ընթացքւմ մասնակիցները ծանոթացան ձեռնարկությունների գովազդի և առաջխաղացման համար սոցիալական ցանցերի և համացանցի կիրառման անհրաժեշտությանը, դրա եղանակներին։ Ծանոթացան աշխարհում հայտնի զբոսաշրջային ծառայությունների ամրագրման 10-ից ավելի հարթակներին, 
(booking.com, airbnb.com, expedia.com, vrbo.com,flipkey.com, tripadvisor.com, և այլն) դրանց առանձնահատկություններին ու կիրառմանը։ Դասընթացի վերջին օրը անիմացիոն զբոսաշրջոթյան գաղափարին ծանոթանալուց հետո մասնակիցների համար կազմակերպվեցին մի քանի վարպետության դասեր, որոնք ծրագրի գործընկեր «Մաչանենց տուրիզմ և արտ»-ը առաջարկում է զբոսաշրջային խմբերին։ Այնուհետւ մասնակիցներիը անմիջականորեն ներգրավվեցին զբոսաշրջային խմբերի սպասարկմանը, կրելով ծրագրի շրջանակներում պատրաստված տարազները։ 


Ծրագրի ավարտին 3 հյուրատներն տրամադրվեցին 5-ական ձեռքով պատրաստված փայտե ցուցանակներ, որոնք կտեղադրվեն գլխավոր ճանապարհին և գյուղամիջյան ճանապարհներին, զբոսաշրջիկին հուշելով ուղղությունն ու հեռավորությունը մինչև հյուրատուն։