Բնությանը մոտ. Էջմիածնի կազմակերպությունն առաջարկում է հայկական էկո գորգեր

Ոչխարի բրդի բնական յոթ երանգների համադրությունից ծնված էկո գորգերը նորություն են հայկական ժամանակակից գորգագործությունում:
  Էջմիածնում գործող «Հայ միասնության խաչ» (ՀՄԽ) կազմակերպության 14 գորգագործները տասն ամսվա ընթացքում գործել են 24 էկո գորգեր` օգտագործելով ոչ թե ավանդական գորգանախշեր, այլ խաչքարերից ու եկեղեցիներից վերցված զարդաքանդակներ, Ավետարաններից պատկերներ:
1990 թվականից պաշտոնապես գործող ՀՄԽ-ն իրականացնում է կրթական, սոցիալական, մշակութային, առողջապահական և իրազեկման մի շարք ծրագրեր Էջմիածնի տարածաշրջանում:
«Նախ ուսումնասիրեցինք ոչխարի հոտը, վերցրեցինք բուրդը, սկսեցինք գզել, առանձնացրեցինք 7-8 երանգ: Նկարչական աշխատանքների ժամանակ օգտվեցինք եկեղեցիների ու խաչքարերի զարդանախշերից, այսինքն` մենք պատկերը բերեցինք գորգի վրա»,- ասում է կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը:
Էկո գորգերի գաղափարը Գրիգորին է, էսքիզների հեղինակը եղբայրն է` գեղանկարիչ Գևորգ Բաբախանյանը:
Գորգագործներն ակտիվ աշխատանքային գործընթացի մեջ են: Մաքուր բրդի թելը ստանում են ավանդական ճանապարհով. Նախ` գզում են սանդերքի (բուրդ գզելու գործիք) վրա, այնուհետև մանում ճախարակով կամ իլիկով:

«Ավելի դժվար է աշխատել այս թելով, քան ներկածով: Թելի վրա մնացած գնդերը համբերատար մաքրում եմ արդեն գործելու ընթացքում: Հետո սկսում եմ գործել, ամեն շարքն ավարտելուց ծնվում են պատկերի մասնիկները, ու այդպես մինչև վերջացնում ես»,- ասում է մեկ օրում 8-10 սմ գորգ գործող 46-ամյա Վեհանուշ Գրիգորյանը:

 ՀՄԽ-ն էկո գորգերի ծրագիրն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ` ներգրավվելով նրա «Արամազդ» ծրագրում:

«Այն սոցիալ-կրթական ծրագիր է, որն իրականացվում է Գեղարքունիքի և Շիրակի մարզերի փախստականաբնակ համայնքներում և ուղղված է համայնքային զարգացմանը: ՀՄԽ-ն աշխատում է այս ծրագրում որպես միջնորդ, այսինքն` նրա պատվերով այդ համայնքներում բնակվող Ադրբեջանից գաղթած մեր բազմաթիվ հայ գորգագործուհիներ զբաղվածություն ունեցան, նաև վեր հանեցին այս մոռացված ավանդույթը`գորգագործությունը»,- ասում է ծրագրի համակարգող Զառա Աղանյանը:

Ծրագրի հեղինակներն ասում են, որ հետազոտվել և ապացուցվել է, որ այս տարածաշրջանների ոչխարի բուրդը պարունակում է լանոլին, ինչն օգտակար է օրգանիզմի համար:

«Հայկական Կարիտաս» ՀԿ ծրագրի ղեկավար Անահիտ Գևորգյանը նշում է, որ այս համագործակցության շնորհիվ նոր աշխատատեղեր են ստեղծվում:

«Մենք վարձատրում ենք աշխատողներին` գզող, մանող, գործող: Գորգերը կվաճառվեն ցուցահանդես-վաճառքում: Շահույթի մի մասը կտրամադրվի սոցիալական ծրագրեր իրականացնելուն նույն տարածաշրջաններում, որոնք շատ աղքատ են, իսկ մի մասը կներդրվի ծրագրի շարունակության համար»,- ասում է Գևորգյանը:

Էկո գորգերի ծրագիրը մեկնարկել է 2010-ին, կավարտվի այս տարվա հուլիսի վերջին: «Հայկական Կարիտաս» ՀԿ ներկայացուցիչները համոզված են, որ այն կունենա շարունակություն, եթե ՀՄԽ-ն շարունակական ծրագիր ներկայացնի:

«Մեր սպասումներն սպասվածից ավելի են արդարացել: Արդյունքում ունենք իսկապես արվեստի հզոր գործեր, որտեղ ներկայացված են պատառիկներ մեր վանքերից ու խաչքարերից, և որոնցում մեծ խորհուրդ կա,- ասում է Զառա Աղանյանը: - Շատ կարևոր է էկո գորգի գաղափարը`այն ոչ միայն մեր քրիստոնեական էությունն է կամ մեր կանանց ավանդույթը, այլև հասարակության կարևոր խնդիրներից մեկը`գնալ էկո միջավայր»:

ՀՄԽ-ի կամավորներից Դավիթ Գրիգորյանը, ով աշխատել է նաև էկո գորգերի էսքիզների վրա, բացատրում է, որ մեկ գորգն իր մեջ պարունակում է տարբեր դարաշրջանների զարդանախշեր` վերցված տարբեր եկեղեցիների խոյակների կամ պատերի զարդանախշերից, ձեռագիր մատյաններից` ավետարաններից:

«Օգտագործել ենք տարբեր վիճակներում: Տեսեք` վերցրել ենք հստակ խաչքարի մի հատված, դարձրել մեծ զարդանախշ և սփռել ամբողջ գորգի վրա: Օգտագործել ենք 5-16 դդ. զարդանախշեր: Սա Աղթամարի վանքի (915-921 թթ.) հայտնի ձկնորսն է: Օգտագործված է նաև 1315 թ. Ավետարանից պատառիկներ»,- ասում է Դավիթը:

«Արքաներ» էկո գորգում գույների ճիշտ համադրությամբ ներկայացված են հայոց արքաները, ինչպես նաև ուժ ու հզորություն խորհրդանշող կենդանիների գլուխներ`ցուլ, արծիվ, առյուծ, վագր:

«Զարմանալիորեն լավ արձագանք գտան այս գորգերը, չէ՞ որ մարդիկ սովոր են վառ գույներ տեսնել հայկական գորգերում: Մենք էլ չէինք պատկերացնում, որ իրար մոտ գույներով կարելի է նման բան ստանալ, բայց արդյունքը հիանալի է»,- ասում է նա:

Գրիգոր Բաբախանյանը երախտագիտությամբ է հիշում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին, որի հովանավորությամբ 1996 թ. իրենց կազմակերպությունում բացվեց գորգագործության արհեստանոցը:

«Ընդամենը 1000 դոլար ֆինանսավորում էր, ինչը շատ քիչ էր, բայց կարևոր` սկզբի համար: Անցան տարիներ, մենք արհեստանոցը պահեցինք մեր ուժերով, գորգերի ցուցահանդես-վաճառքներով, անհատ բարերարների օգնությամբ: Այն ապրեց, և այսօր արդեն այս նույն արհեստանոցում ծնվում են էկո գորգերը, որոնք ներկված են Աստծո կողմից, և չկա մարդու միջամտությունը, հետևաբար այդ գույները հարյուրամյակներով չեն գունաթափվի»,- ասում է նա:

ՀՄԽ-ի գորգագործուհիների ստեղծած էկո գորգը կախված է Նյու Յորքում գտնվող «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գլխավոր դռան վրա` կազմակերպության խորհրդանշանի հետ միասին: Եվս մեկը շուտով կհասնի Ֆրանսիայում գործող «Յանների» հայկական ազգանուններ կրողների ակումբին:

«Էկո գորգերը տալիս են նախ սոցիալ-տնտեսական խնդրի լուծում, պատմության քարոզչություն, էկոգաղափարախոսության տարածում, և նաև օտարներին հայ մշակույթը ներկայացնելու լավագույն միջոց են: Մարդիկ էկո գաղափարի շուրջ նոր մոտեցումներ են ցուցաբերում»,- ասում է Գրիգոր Բաբախանյանը: