«Մաչանենց» միջազգային նկարչական սիմպոզիում 2015՝ «Երբ ծաղկում են բալենիները…»




Ապրիլի 20-27-ը կայացավ «ԵՐԲ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ ԲԱԼԵՆԻՆԵՐԸ…» «ՄԱՉԱՆԵՆՑ» միջազգային նկարչական սիմպոզիումը, որը նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին:

Սիմպոզիումը կազմակերպել էր «Հայ Միասնության Խաչը» «Մաչանենց տուրիզմ և արտ»-ի ֆինանսավորմամբ։ Սիմպոզիումի նպատակն էր հայ և միջազգային նկարիչներին հնարավորություն ընձեռնել ծանոթանալ հայկական մշակույթին և կենցաղին, փոխանակվել փորձով, Էջմիածին քաղաքում ստեղծել հայ և միջազգային նկարիչների պատկերասրահ:


Սիմպոզիումին մասնակցեցին նկարիչնր՝ Հայաստանից, Հոլանդիայից, Լիտվայից և Ռուսաստանից: Մեկ շաբաթ շարունակ 20 նկարիչներ ստեղծագործեցին ՀՄԽ-ում, կիսվեցին սեփական փորձով, այցելեցին Հայաստանի գեղատեսիլ ու տեսարժան վայրեր՝ Գառնի, Գեղարդավանք, Փարաջանովի տուն–թանգարան, Կասկադ, Զվարթնոց տաճար:

Ապրիլի 26-ին ավարտվեց սիմպոզիումը և բացվեց «ՄԱՉԱՆԵՆՑ» պատկերասրահը, որտեղ ներկայացվեցին սիմպոզիումի նկարները: Միջոցառումը օրհնեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը։ Հոլանդիայից եկած սիմպոզիումի մասնակից Ֆերիալը բերել էր խորհրդանշական 100 կակաչի սերմ: Տնկվեց 4 սերմ՝ ի նշան աշխարհի 4 կողմերի:

Միջոցառման ընթացքում հուշագիր կնքվեց՝ Էջմիածնի քաղաքապետարանի, «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի և «Մաչանենց Տուրիզմ և Արտ-ի» միջև՝ նպատակ ունենալով «ՄԱՉԱՆԵՆՑ» միջազգային նկարչական սիմպոզիումը դարձնել ամենամյա, նպաստել Էջմիածին քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը, խթանել հայ և օտարերկրյա մշակութային երկխոսությունը։

Մասնակիցները վկայական ստացան սիմպոզիումին մասնակցելու համար:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ երկու երգի պրեմիերա՝ Արմինե Կիրակոսյան՝ «Ռեքվիեմ», Խոսք՝ Հայկ Հրայր, երաժշտություն՝ Արմինե Կիրակոսյան, Արփինե Մաչանենց Բաբախանյան «Սրբադասում», Խոսք՝ Հայր Ներսես Հարությունյան, երաժշտություն՝ Մհեր Սամվելյան: