[ armtimes.com ] Ֆրանսիայի Իսսի-Լե-Մուլինո քաղաքում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100- ամյակի միջոցառումներ



Մայիսի 19-24-ը Ֆրանսիայի Իսսի-Լե-Մուլինո քաղաքում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ,
որոնց մասնակցել է նաեւ Էջմիածին քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետի գլխավորությամբ:

Միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Էջմիածնի նկարիչների նկարների ցուցահանդես, իսկ «Հայ միասնության խաչ» կազմակերպության «Մաչանենց» համույթը հանդես է եկել համերգով:

Համերգին ներկա է եղել ինչպես Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, այնպես էլ Իսսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին:

Իսի-Լե-Մուլինո քաղաքում նշված կազմակերպությունը նաեւ ներկայացրել է հայկական մշակութային երեկո՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին:

«Հյուրերին իրենց խոսքը հղեցին Իսսի-Լե-Մուլինո քաղաքի քաղաքապետ Անդրե Սանտինին, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Էջմիածին քաղաքում գործող Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի հիմնադիր-նախագահ Գրիգոր Բաբախանյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը: Ելույթ ունեցավ «Մաչանենց» երգի համույթը՝ մասնակցությամբ Արփինե Բաբախանյանի, Նարինե Թահմազյանի, Արուսյակ Բաբախանյանի: Կատարվեցին հայկական, ժողովրդական, ազգային ու ժամանակակից երգեր: Ներկայցված երգերի ցանկում էր «Ավե Մարիա» երգը, որը նվիրվեց Էջմիածին և Իսսի-Լե-Մուլինո քույր քաղաքներին: Արփինե Բաբախանյանի «Սրբադասում» երգը, որը նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա հիշատակին, յուրահատուկ է նրանով, որ երգում հնչում է խուլ ու համր աղջկա սրտի ձայներ՝ որպես խորհրդանիշ այն բանի, որ ոչ մի սիրտ անհաղորդ չի կարող մնալ այս հարցին:

Ներկայացվեց նաև Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը, որի ժամանակ ծածանվեց Հայաստանի դրոշը և հանդիսատեսը հոտնկայս ողջունեց կատարողներին: Համերգի վերջում երգչուհիներն անակնկալ ունեին հանդիսատեսին: Նրանք բաժանեցին «Լեպո լե լե» երգի բառերը ու կազմակերպեցին երգի վարպետության դաս: Երգչուհիների հետ համատեղ երգեց նաև հանդիսատեսը, ինչն էլ ավելի մեծ ոգևորություն ստեղծեց դահլիճում: Համերգի վերջում ելույթ ունեցավ Իսսի-Լե-Մուլինո քաղաքի հայկական «Նավասարդ» պարային համույթը։ Համերգի ավարտից հետո հանդիսատեսը ցուցասրահում դիտեց Հայ Միասնության Խաչի Արվեստաց դպրոցի գորգերը, կարպետները և տարազները: Ցուցադրվեցին Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի Արևմտյան Հայաստանը ներկայացնող լուսանկարները և գեղանկարիչ Գևորգ Բաբախանյանի (Ընծայի) 11 աշխատանքներ: Երեկոյի ավարտին ֆրանսացիները համտեսեցին հայկական կերակուրներ։ Այցի շրջանակներում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ երկու քաղաքների համագործակցությունը խթանելու տնտեսական, կրթական և մշակույթային ոլորտներում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
http://armtimes.com/hy/read/64718