Էջմիածին քաղաքի պատվիրակության այցը Իսսի-Լե-Մուլինո քաղաք

Մայիսի 19-24-ը Ֆրանսիայի Իսսի Լե Մուլինո քաղաքում

տեղի ունեցավ հայկական մշակութային երեկո՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին, որին մասնակցեց նաև Էջմիածին քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:


Էջմիածնի պատվիրակության կազմում երեկոյին մասնակցեց նաև Հայ Միասնության Խաչի «Մաչանենց» երգի համույթը՝ մասնակցությամբ Արփինե Բաբախանյանի, Նարինե Թահմազյանի և Արուսյակ Բաբախանյանի: 

Հյուրերին իրենց խոսքը հղեցին երկու քույր քաղաքների քաղաքապետեր Կարեն Գրիգորյանը, Անդրե Սանտինին և Հայ Միասնության Խաչի նախագահ Գրիգոր Բաբախանյանը:
«Մաչանենց» երգի համույթը՝ համերգի ընթացքում, կատարեց հայկական, ժողովրդական, ազգային ու ժամանակակից երգեր:
Համերգի վերջում երգչուհիներն անակնկալ էին պատրաստել հանդիսատեսի համար: Նրանք Ք.Կարա-Մուրզայի «Լեպո լե լե» երգի վարպետության դաս անցկացրեցին դահլիճի համար, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց դահլիճի կողմից ։
Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև Իսսի Լե Մուլինո քաղաքի հայկական «Նավասարդ» պարային համույթը։

Համերգի ավարտից հետո հանդիսատեսը ցուցասրահում դիտեց Էջմիածնի նկարիչների նկարների ցուցահանդեսը, Հայ Միասնության Խաչի «Մաչանենց» գորգերը, կարպետները և տարազները: Ցուցադրվեցին Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի Արևմտյան Հայաստանը ներկայացնող լուսանկարներ և գեղանկարիչ Գևորգ Բաբախանյանի ( ԸՆԾԱ )11 աշխատանքներ:
Երեկոյի ավարտին ներկաները համտեսեցին հայկական կերակուրներ։
Այցի շրջանակներում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին երկու քաղաքների համագործակցությունը զարգացնելու կրթական, տնտեսական, մշակութային ոլորտներում։