Հանուն ամուր ընտանիքի


Ֆինանսավորող. Փի-Էյչ Ինթերնեշնլ

Ծրագրի տևողությունը. 5 ամիս (01.01.2015 - 31.05.2015 թթ)

Ծրագրի իրականացման վայրը. 
 Քաղաք Էջմիածին և հարակից համայնքներ (Արգավանդ, Ծիածան, Նորակերտ, Գայ, Մուսալեռ, Ոսկեհատ, Ակնաշեն, Արաքս, Թաիրով, Փարաքար, Ակնալիճ):

Ծրագրի նպատակը. 
Բարելավել Էջմիածին քաղաքի և հարակից համայնքների ընտանիքների բարոյահոգեբանական վիճակը՝ ծնողների մոտ ծնողավարման հմտությունների զարգացման և ծնող-երեխա երկխոսության խթանման միջոցով:

Ծրագրի խնդիրները

1. Էջմիածին քաղաքում Ընտանիքների աջակցության խորհրդի ստեղծում և կարողությունների զարգացում:

2. 190 ծնողների և մանկավարժների ծնողավարման հմտությունների և գիտելիքների զարգացում երեխաների հոգեբանության, վնասակար սովորությունների, սեռական դաստիարակության, կոնֆլիկտների հաղթահարման վերաբերյալ:

Հիմնախնդիրը. 

Հայաստանի Հանրապետությունում՝ հատկապես մարզերում, առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով, օրեցօր աճող արտագաղթի հետևանքով չեն պահպանվում ընտանեկան ամուր կապերը և երեխաները դաստիարակություն են ստանում ծնողներից մեկի բացակայության պայմաններում, ընտանիքներում առկա խնդիրները վտանգի տակ են դնում երեխաների ճիշտ զարգացումը և սոցիալականացումը, մեծանում է նրանց մոտ շեղվող վարք դրսևորելու հավանականությունը:

Ցավոք, որոշ ծնողներ չեն կարողանում իրենց երեխաների մեջ արժեքներ սերմանել և պաշտպանել վնասակար սովորություններ ձեռք բերելուց, չեն տիրապետում ծնողավարման արդյունավետ հմտությունների, որոնք հանգում են չափազանց վատ, երբեմն նաև անդառնալի հետևանքների: 

Հաճախ նման իրավիճակներում ընտանիքները անկարող են ինքնուրույն հաղթահարել այս խնդիրները, շատ ծնողներ զգում են երեխայի դաստիարակության նոր մոտեցումների և ծնողավարման նոր հմտությունների կարիք, սակայն Էջմիածնում չկա որևէ ուսուցանող կենտրոն կամ որևէ կառույց, որը կտրամադրի նման ծառայություններ:

Այդ խնդրին լուծում տալու նպատակով, «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի արվեստաց դպրոցին կից ստեղծվեց «Ընտանիքների աջակցության խորհուրդ», որը Էջմիածին քաղաքի և հարակից Արգավանդ, Ծիածան, Նորակերտ, Գայ, Մուսալեռ, Ոսկեհատ, Ակնաշեն, Արաքս, Թաիրով, Փարաքար, Ակնալիճ համայնքների ընտանիքների ծնողների, դպրոցների մանկավարժների համար իրականացրեց դասընթացներ կտրամադրի անվճար խորհրդատվական ծառայություններ ծնողավարման հմտությունների վերաբերյալ։ 

Ծրագրի շահառուները 

Ծրագրի շահառուներն են Էջմիածին քաղաքի և հարակից 11` Արգավանդ, Ծիածան, Նորակերտ, Գայ, Մուսալեռ, Ոսկեհատ, Ակնաշեն, Արաքս, Թաիրով, Փարաքար, Ակնալիճ համայնքների 190 ծնողներ և մանկավարժներ: 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈւՄԸ

Էջմիածին քաղաքում Ընտանիքների աջակցության խորհրդի ստեղծում և կարողությունների զարգացում 

ՀՄԽ ԲՄՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի աշակերտների ակտիվ և նախաձեռնող ծնողների հետ, ներկայացվեց ծրագիրը: 

3 ծնող՝ Քնարիկ Գալստյանը, Ռիտա Հարությունյանը և Հասմիկ Մանկուկյանը ներգրավվեցին «Ընտանիքների աջակցության խորհրդի» կազմում: 

Ձևավորվեց «Ընտանիքների աջակցության խորհուրդ», որի անդամներն էին.


1) Նարինե Մուրադյան – ՀՄԽ-ի փոխնախագահ, մանկավարժ, ծնող 

2) Դավիթ Գրիգորյան – ՀՄԽ-ի գործադիր տնօրեն, ծրագրային բաժնի ղեկավար, մանկավարժ 

3) Ալվարդ Ռոստոմյան – ՀՄԽ-ի ծրագրային բաժնի աշխատակից, ծրագրի ղեկավար 

4) Քնարիկ Գալստյան – ծնող, մանկավարժ 

5) Աննա Օհանյան – մանկավարժ ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցում 

6) Իսկուհի Միրզոյան – ՀՄԽ-ի ծրագրային բաժնի աշխատակից 

7) Մարիամ Թալասյան – հոգեբան, սոց. մանկավարժ 

8) Մարինե Գրիգորյան – հոգեբան


Փետրվարի 16-18-ին իրականացվեց դասընթաց «Դասընթացավարի հմտություններ» թեմայով, որի արդյունքում խորհրդի անդամները ստացան տեսական գիտելիքներ դասընթացավարի բնութագրիչների, ինտերակտիվ ուսուցման մեթոդիկայի, դասընթացին նախապատրաստվելու, անցկացման, ներկայացման գործիքների և մեթոդների, հանրային խոսքի, ֆասիլիտացիայի, գնահատման մեթոդների վերաբերյալ: Խմբային և անհատական գործնական աշխատանքների շնորհիվ մասնակիցները տիրապետեցին դասընթացավարի բնութագրիչներին, դասընթացի ճիշտ իրականացման հիմունքներին: 
Դասընթացի ավարտին դասընթացավարի կողմից մասնակիցները ստացան դասընթացի արդյունավետ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ ​ գործիքներ​, ուսումնական նյութեր: 

Դասընթացավար՝ Անահիտ Մխոյան:

1. 05.03.2015 իրականացվեց դասընթաց «Երեխայի հոգեբանական զարգացման տարիքային չափանիշները: Երեխայի վարքի անհատական-տարիքային առանձնահատկությունները» թեմաներով, որի ընթացքում մասնակիցները ստացան գիտելիքներ երեխաների հոգեբանական, տարիքային առանձնահատկությունների, վարքային դրսևորումների, տարիքային ճգնաժամերի, դրանց դրսևորումների և հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Դասընթացավար՝ Ինգա Մուկուչյան

2. 06.03.2015 իրականացված դասընթացի թեմաներն էին «Երեխայի հոգեբանական զարգացման տարիքային չափանիշները: Երեխայի վարքի անհատական-տարիքային առանձնահատկությունները», որը վերաբերվում էր ադապտացիոն գործընթացներում երեխաների տարիքային առանձնահատկություներին, նրանց մոտ ադապտացիոն որակների զարգացմանը, առաջացող խնդիրների լուծման մեթոդներին, ծնող - երեխա երկխոսությանը, երեխաների հետ հաղորդակցման և նրանց վրա ներազդման ձևերին, դաստիարակության ոճերին և դրանց արդյունավետ կիրառման առանձնահատկություններին:

Դասընթացավար՝ Անուշ Նիկոլյան

3. 12.03.2015 անցկացված դասընթացի թեմաերն էին «Հոր դերը երեխայի դաստիարակության գործում: Վնասակար սովորություններ»: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան երեխաների մոտ սովորույթների և հմտությունների, վնասակար սովորությունների ձևավորմանը, հակասոցիալական վարքի և վատ սովորույթների դրսևորմանն ու դրանց կանխարգելման մեթոդներին, ընտանեկան մոդելի ազդեցությանը երեխաների վարքային դրսևորումների վրա: 

Դասընթացավար՝ Արշակ Գասպարյան:

4. 13.03.2015 իրականացվեց դասընթաց «Սթրեսի կառավարում և սեռական դաստիարակություն» թեմաներով, որի ընթացքում մասնակիցները տեղեկացան սթրեսի էությանը, նշաններին, առաջացման պատճառներին, հետևանքներին, հաղթահարման ուղիներին, գործնական վարժանքների միջոցով սովորեցին սթրեսի կառավարման մի քանի եղանակներ:

Նոր գիտելիքներ ստացան երեխաների հոգեսեռական զարգացման փուլերի, սեռական դաստիարակության, սեռադերային վարքի, սեռերի և սեռական կյանքի վերաբերյալ երեխաների հարցերին պատասխանելու ձևերի և դեռահասներին հասուն սեռական կյանքին պատրաստման վերաբերյալ:


5. 02.04.15 – 03.04.15 ընտանիքների աջակցության խորհրդի անդամները մասնակցեցին դասընթացի՝ ծնողավարման գործնական հմտությունների մարզման նպատակով: Դասընթացի արդյունքում մասնակիցները առավել զարգացրեցին իրենց գիտելիքները ծնողավարման վերաբերյալ և նոր գործնական հմտություններ ձեռք բերեցին, սովորեցին, թե ինչպե՞ս պետք է արձագանքել երեխաների տարիքային ճգնաժամերի, վախերի, ագրեսիվ վարքի դրսևորումներին, ինչպե՞ս երեխային գովել,խրախուսել կամ նրանց նկատմամբ սահմանափակումներ կիրառել, ծնող-երեխա երկխոսություն ստեղծել:

Դասընթացը մասնակցային էր, հագեցած գործնական վարժանքներով, խմբային աշխատանքներով, իրական դեպքերի քննարկմամբ և վերլուծությամբ: Դասընթացավար Իրինա Խանամիրյանի կողմից մասնակիցները ստացան «Զվարճալի դպրոց» անվանմամբ ուղեցույց՝ երեխաների տարիքային հոգեբանական առանձնահատկությունների և տարիքն ի վեր երեխաների մոտ առաջ եկող դրսևորումների վերաբերյալ:

Դասընթացավար՝ Իրինա Խանամիրյան

Տեղեկատվական թերթոնների տպագրություն

«Ընտանիքների աջակցության խորհրդի» գործունեության՝ իրականացվող դասընթացների և խորհրդատվությունների վերաբերյալ տպագրվել են տեղեկատվական թերթոններ:

Մասնագիտական գրականության ձեռքբերում

Ձեռք է բերվել 39 անուն մասնագիտական գրականություն երեխաների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունների, տարիքային ճգնաժամերի, վախերի և ագրեսիայի առաջացման պատճառների, դրանց հաղթահարման, սթրեսի առաջացման պատճառների և հաղթահարման, սեռական դաստիարակության, երեխաների դաստիարակության հարցում ծնողների և ընտանիքի դերի, ծնող-երեխա երկխոսության հաստատման թեմաներով: Մասնագիտական գրականության շնորհիվ ավելի են զարգացվել խորհդի անդամների գիտելիքները:
Գրականությունը հասանելի է Էջմիածին քաղաքի և հարակից համայնքների բնակիչների համար:

Ծնողավարման դասընթացների և խորհրդատվությունների կազմակերպում ծնողների և մանկավարժների համար:


Մայիսի 8-ին, 11-ին, 14-ին, 18-ին, 25-ին և 27-ին իրականացվեցին դասընթացներ, որոնց ընթացքում խորհրդի դասընթացավարները ստացած գիտելիքներն ու փորձը փոխանցեցին ծրագրի շահառուներին՝ Էջմիածին քաղաքի և հարակից համայնքների դպրոցների մանկավարժներին և աշակերտների ծնողներին: Դասընթացներին մասնակցեցին ընդհանուր թվով 190 շահառու՝ Արգավանդ, Ծիածան, Նորակերտ, Գայ, Մուսալեռ, Ոսկեհատ, Ակնաշեն, Արաքս, Թաիրով, Փարաքար, Ակնալիճ համայնքների, Էջմիածնի № 3, 4, 5, 7, 8 և 11-րդ դպրոցներից:

Խմբային դասընթացների և անհատական խորհրդատվությունների ընթացքում մասնակիցները ստացան գիտելիքներ հետևյալ թեմաների վերաբերյալ՝

1. երեխաների տարիքային հոգեբանական առանձնահատկություններ,

2. տարիքային ճգնաժամեր և հարմարում, 

3. վախ և ագրեսիա. առաջացման պատճառները և հաղթահարման մեթոդները, 

4. ծնող-երեխա երկխոսության խթանում, 

5. սթրեսի առաջացման պատճառները և հաղթահարման մեթոդները

6. երեխաների սեռական դաստիարակություն, ընտանիքի դերը երեխայի դաստիարակության գործում


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի ընթացքում համագործակցություն է հաստատվել Արգավանդ, Ծիածան, Նորակերտ, Գայ, Մուսալեռ, Ոսկեհատ, Ակնաշեն, Արաքս, Թաիրով, Փարաքար, Ակնալիճ համայնքների, Էջմիածնի № 3, 4, 5, 7, 8 և 11-րդ դպրոցների հետ, որոնք ծրագրի ավարտից հետո ակտիվորեն ներգրավվել են կազմակերպության կողմից իրականացվող այլ ծրագրերում նույնպես: