[ ARMENPRESS ] Էջմիածնում բացվել է Շուշիին նվիրված ցուցահանդես

Էջմիածնի «Հայ Միասնության Խաչ» կազմակերպության պատկերասրահում բացվել է «Շուշիից-Շուշի» խորագիր կրող լուսանկարչական ցուցահանդես,
որը ներկայացնում է Շուշին ազատագրումից մինչեւ մեր օրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ցուցահանդեսին ներկայացված են հայտնի լուսանկարիչներ Հակոբ Բերբերյանի, Զավեն Խաչիկյանի, Ռուբեն Մանգասարյանի (հետահայաց), Տիգրան Մանգասարյանի, Աշոտ Մուրադյանի և Մաքս Սիվասլյանի բացառիկ ֆոտոշարքերը: «Այս նախագծի նպատակն է լուսանկարների միջոցով մեկ անգամ ևս վերհիշել ու հատկապես նոր սերնդին ներկայացնել այն փառահեղ ճանապարհը, որն անցել են մեր հերոսները՝ ազատագրելով Շուշին։ Սա նախևառաջ հարգանքի տուրք և խոնարհում է՝ Արցախյան պատերազմով անցած յուրաքանչյուր զինվորի առաջ։ Լուսանկարչական վավերագրության միջոցով փորձում ենք անցնել հաղթանակած տարիների միջով․ ինչպիսի՞ն էր 92թ. Շուշին, ինչպիսին` այսօրվա Շուշին»,- ցուցահանդեսի բացմանն ասել է ART PR (Արտ ՓիԱր) ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը: Վերոնշյալ ընկերությունը նույն ցուցադրությունը կազմակերպել է նաեւ Շուշիում, որը բավական լայն արձագանք է գտել: Ցուցահանդեսը «Հայ Միասնության Խաչում» կշարունակվի մինչև հունիսի 22-ը:

http://armenpress.am/arm/news/809798/ejmiatsnum-bacvel-e-shushiin-nvirvats-cucahandes.html