ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի վերաբերյալ շարադրությունների մրցույթ


«Հայ Միասնության Խաչ-ի» Արվեստաց դպրոցում հուլիսի 20-ից 26-ը ընկած ժամանակահատվածում անցկացվեց Արվեստաց դպրոցի վերաբերյալ շարադրությունների մրցույթ:
Մեկ շաբաթվա ընթացքում մրցույթի հանձնաժողովը ստացավ 20 շարադրություն: Ըստ մրցույթի կանոնների լավագույն երեք շարադրությունների հեղինակները պետք է արժանանային մրցանակների, բայց հաշվի առնելով երեխաների ոգևորվածությունը, որոշվեց նաև խրախուսական նվերներ հանձնել բոլոր մասնակիցներին:
Առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցներն են՝ Նարե Պետրոսյան (կավագործության դասարան), Դիանա Կարապետյան (նկարչության դասարան), Վարդուհի Բազիկյան (նկարչության դասարան): Իսկ ահա Ժենյա Մանուկյանը ստացավ հատուկ մրցանակ, որպես ամենաանկեղծ շարադրության հեղինակ: Մրցույթի ավարտին հաղթողները ներկաների համար ընթերցեցին իրենց շարադրությունները: Ստորև կարող եք կարդալ մրցանակակիրների հեղինակած շարադրությունները:

1․ Պետրոսյան Նարե
Երբ առաջին անգամ պապիս ձեռքը բռնած ոտքս դրեցի Արվեստաց դպրոցի շեմից ներս՝ ինձ համար կարծես ժամանակը կանգ առավ, քանի որ Էջմիածնի աղմկոտ փողոցից ես ընկա բոլորովին այլ շրջան, ես հայտնվեցի իմ պապերի հայրենիքում՝ իմ պապերի կարոտ էրգրում: Առջևում մանրիկ ու ծիծաղկոտ Վանա լիճն էր, որի ետևում  երևում էին բերդի ատամնավոր պարիսպները: Շուրջս երևում էր հայ շինականի առօրյան՝ երկանքն ու ճախարակը, խնոցին ու օրորոցը: Աջ և ձախ, ամենուր խեցեգործության հրաշալի նմուշներ էին, կավե կճուճներ ու կարասներ, փարչեր ու աղամաններ: Ծնված լինելով քանդակագործների ու նկարիչների ընտանիքում, մանկուց վարժված լինելով ընկալել հայրենի հողի ու գեղեցկության ուժը, ես հասկացա, որ այստեղ՝ Արվեստաց  դպրոցում ստեղծված է հենց այն մթնոլորտը, որ տալիս է ստեղծագործելու ուժ և ոգեկոչում հայրենասիրությունը: Եվ ահա խեցեգործության դասարանում՝ վարպետիս բարի ու հուսադրող հայացքի ներքո ես ձեռքս առա այնքան հրապուրող, հարազատ կավը, ակնածանքով ու ոգևորված, քանի որ հիշում եմ, որ կավն  այն սրբազան նյութն է, որից Աստված արարեց Ադամին: Իմ մատների տակից դուրս եկած առաջին աշխատանքը նռներով լի մի զամբյուղ, որ միշտ գորովանքով եմ հիշում: Եվ հիմա ամեն անգամ երբ ոտքս դնում եմ Արվեստաց դպրոցի շեմից ներս, հոգիս ճախրում է, շուրջս փոխվում է ամեն բան, մոռացվում է նույնիսկ ժամանակը: Եվ արդեն գրեթե մի տարի հաճախելով այս հրաշալի  դպրոցը  ես հասկացա, որ Արվեստաց դպրոցը այն հաստատությունն է, որտեղ ես կարողացա ազատ ստեղծագործել, լինել ավելի հայեցի, սիրել շրջապատը, բնությունն ու մարդկանց: Ձեռք բերեցի նոր ընկերներ, նոր գիտելիքներ և ձեռքս առա ինձ այնքան հարազատ դարձած կավը…
 
2․ Վարդուհի Բազիկյան
Առաջին անգամ, երբ եկա «Հայ Միասնության Խաչ» ունեի մի հաստատուն նպատակ՝ դառնալ նկարիչ և ստեղծել իմ ուրույն, գունավոր աշխարհը, ուր կլինեմ ազատ: Առաջին իսկ հայացքից իմ ուշադրությունը գրավեցին կազմակերպության հիասքանչ պարտեզում գտնվող Վանա լճի մանրակերտն ու Վանա կատուն: Եվ ես որոշեցի, որ պետք է հաճախեմ նկարչության խմբակ: Սկզբում, երբ նոր էի այցելում նկարչության, ինձ մոտ ոչինչ չէր ստացվում, և ես օրեցօր հուսահատվում էի, սակայն ուսուցչուհիներիս վարպետության և քաջալերության շնորհիվ սկսեցի վարպետանալ և դանդաղ քայլերով ընդառաջ գնալ դեպի իմ նպատակը: Եվ դրա համար խորհին շնորհակալությունս եմ հայտնում իմ երեք բարի ուսուցչուհիներին: Եվ ահա արդեն երկու տարի է հաճախում եմ ՀՄԽ, և այն դարձել է իմ երկրորդ տունը: Շատերն են հարցնում, թե ինչու ընտրեցի հենց «Հայ Միասնության Խաչը» : Պատճառն այն է որ, ՀՄԽ-ն շատ է տարբերվում մյուս արվեստաց դպրոցներից: Առաջին հերթին ՀՄԽ-ի գլխավոր նպատակն է աշակերտների մեջ սերմանել բարություն, ընկերասիրություն և ամենակարևորը սեր հայրենիքի, մշակույթի և իրենց արմատների նկատմամբ: Երկրորդ հերթին ՀՄԽ-ն հնարավորություն է տալիս անապահովներին և լուրջ առողջական խնդիրներ ունեցողներին նույնպես այցելել կազմակերպություն և դառնալ լիարժեք անդամն այդ մեծ ընտանիքի: ՀՄԽ-ն շատ բան փոխեց իմ կյանքում: Այցելելով կազմակերպություն ձեռք բերեցի շատ ընկերներ, ովքեր միշտ օգնում են իրենց խորհուրդներով: Հաճախելով Արվեստաց դպրոց հնարավորություն ունեցա  ծանոթանալ երկու հանճարեղ, խենթ արվեստագետների՝ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի և Գևորգ Ընծա Բաբախանյանի հետ: Նրանց կտավներն ու կոլաժները ինձ շատ են ոգեշնչում: ՀՄԽ-ում գործում է նաև մի կազմակերպություն, որի շնորհիվ արտերկրում ապրող օտարերկրացիներից և մեր հայրենակիցներից շատերը գալիս են Հայաստան՝ ծանոթանալու մեր մշակույթին ու արմատներին: Հայ Միասնության Խաչն ունի իր խորհրդանիշը՝ լոգոն: Լոգոյի վրա պատկերված են չորս կռունկներ, որոնց հայացքները ուղղված են դեպի մայր հող Հայաստանը: Ու ես գիտեմ «Եվ կգա մի օր, երբ ողջ հայության արևը մի տեղից կծագի»

3․ Դիանա Կարապետյան
Արվեստաց դպրոցը ինձ համար մի վայր է, որտեղ ես կարող եմ ազատ արտահայտել իմ մտքերը: Թղթերի ու բազմազան գույների միջոցով արտահայտել իմ զգացմունքները: Երբ որոշեցի սովորել Արվեստաց դպրոցում իմ պատկերացումները բոլորովին այլ էին: Կարծում էի, որ սովորական դպրոց է, որտեղ ես պետք է նկարել սովորեմ: Բայց երբ առաջին անգամ մտա ՀՄԽ-ի Արվեստաց դպրոց, ինձ համար բացվեցին հեքիաթների կախարդական դարպասները, որտեղ ես ինձ կախարդված էի զգում: Իմ շուրջը պատկերված էին հեքիաթի բարի հերոսները, գեղեցիկ տիկնիկներով լի թատրոնի դահլիճը, կավից պատրաստված տարբեր իրեր, որոնք զարդարված էին գեղեցիկ զարդանախշերով: Ես միանգամից հասկացա, որ գտնվում եմ իրական հեքիաթում: Սկսեցի հաճախել Արվեստաց դպրոց և սովորել նկարչական բաժնում ու մինչ այժմ այդ դպրոցի սանն եմ: Արվեստաց դպրոցում սովորելով ես հասկացա, որ կա մեկ ուրիշ աշխարհ, որտեղ մարդիկ կարողանում են սիրել ու ներել միմիանց: Այստեղ ես ձեռք բերեցի նոր ընկերներ, իմ ուսուցիչներից սովորեցի լինել համբերատար, հասկանալ դիմացինին ու նրա հետ կիսել հոգսերն ու դժվարությունները: Սովորեցի լինել միասնական, օգնել մեկս մյուսին, հարգել ու լինել հարգված, ինչպես հավասարը հավասարին: Սովորեցի հայրենասիրություն, ավելի լավ ծանոթացա հայկական մշակույթին, տեսա ու մասնակցեցի բոլոր արվեստի դասերին: Ես հասկացա, որ արվեստաց դպրոցում ես ապրում եմ ու ավելի վերելքների եմ հասնում: Ես իմ ապագան տեսնում եմ արվեստում ու իմ կյանքում մեծ դեր է կատարում հենց արվեստաց դպրոցը: «Հայ Միասնության Խաչը» հանձինս Պարոն Գրիգորի:

4․ Ժենյա Մանուկյան
Արվեստաց դպրոցը իմ կյանքում շատ բան փոխեց: Ես շատ ուրախ եմ, որ եկա այստեղ, իմ կյանքը լցվեց խինդ ու ծիծաղով : Ես վաղուց ուզում էի դառնալ հայտնի նկարչուհի և հուսով եմ, որ կդառնամ: Երբ ընդունվեցի այստեղ, ես շատ ուրախացա: Երբեք ինձ որևիցե մեկը չի կարող համոզել, որ ես հայտնի նկարչուհի չդառնամ: Շատ ուրախ եմ, որ այդ մասնագիտությունն եմ ընտրել: Երբևիցե մտածում եմ, որ չգնամ պարապունքի, հետո մտածում եմ, որ առանց իմ արվեստի ես կորած եմ: