[Հայաստանի Հանրային Ռադիո] «Միասնության արվեստ». մեկնարկել է «Մաչանենց» 2-րդ միջազգային սիմպոզիումը

Էջմիածնում «Միասնության արվեստ» խորագրով կազմակերպված Մաչանենց միջազգային 2-րդ սիմպոզիումը մի հարկի տակ էր հավաքել տարբեր երկրների ստեղծագործողների, որոնց աշխատանքների ցուցահանդեսը կբացվի մայիսի 21-ին:
Մինչ այդ՝ նրանց էր այցելել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ծանոթացել «Հայ Միասնության Խաչ» հասարակական բարեգործական կազմակերպության մշակութային կյանքին: Էջմիածինը բացի հոգևոր մայրաքաղաքից նաև մշակութային կենտրոն է: Մայիսի 14-ից «Հայ Միասնության Խաչ» հասարակական բարեգործական կազմակերպությունում կամ Մաչանենց տանը կազմակերպված «Միասնության արվեստ» խորագրով «Մաչանենց» միջազգային 2-րդ սիմպոզիումը, մեկ հարկի տակ էր հավաքել հայ և օտարազգի ստեղծագործողներին: Մուտքի մոտ քանդակագործները՝ Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցի սաները, հայկական կարմիր տուֆի վրա հերթական խաչքարն ու քանդակն էին կերտում: Բակում գեղանկարիչներն ու խեցեգործներն էին: Ստեղծագործելու համար նպաստավոր պայմաններն ապահովված էին: Նրանց ձեռքի տակ կյանք էին ստանում արվեստի նոր գործեր, մշակութային նոր արժեքներ։ Ներկապնակի բոլոր գույների համադրումն արտահայտում է ստեղծագործողների օրվա հոգեվիճակն ու մտքի արտացոլանքը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ծանոթացավ սիմպոզիումի մասնակիցների հետ, հետաքրքրվեց նրանց աշխատանքով: Մաչանենց տանը գործում են արվեստի և ազգային խոհանոցի խմբակներ: Ունի 215 շրջանավարտ, խոցելի խմբերի համար ուսուցումն անվճար է: «Հայ միասնության խաչ» բարեգործական-մշակութային կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանի մտահղացմամբ՝ տարեցտարի ընդլայնվում է կառույցի գործունեությունը: Հնաոճ իրերի հավաքածուներն ավելի պատկերավոր են դարձնում հայի կենցաղը: Յուրաքանչյուր նմուշ իր պատմությունն ունի՝ Դեր Զորից բերված ոսկորներ, Արարատ լեռից իջեցրած քար և այլն: