Մայիսի 14-21-ը «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Մաչանենց» 2-րդ միջազգային սիմպոզիմումը` «Միասնության արվեստ» խորագրով:
Սիմպոզիումին մասնակցում են 23 հայ և 14 օտարերկրացի նկարիչներ աշխարհի 7 պետություններից (Հայաստան, Ճապոնիա, Նիդերլանդներ, Ռուսաստան, Գերմանիա, Բելառուս, Եգիպտոս):
«Արդեն 2-րդ սիմպոզիումն ենք անում: Անցած տարվանը կոչվում էր «Երբ ծաղկում են բալենիները» և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ այս տարվան արդեն նվիրված է միջմշակութային երկխոսությանը և նկարչական սիմպոզիումից վերաճել է արվեստի լայնածավալ սիմպոզիումի, քանի որ մասնակցում են նաև հայկական խաչագործության արվեստի պահպանման ծրագիր իրկանացնող Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցից 9-ը խաչքարագործ և Սիսիանից խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Հայ Միասնության Խաչ» ՀԿ հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը` ընդգծելով, որ 30 տարի առաջ հիմնել են իրենց կազմակերպությունն այն գիտակցումով, որ մշակութային պատերազմը զինադադար չի ճանաչում. «Մեր ազգը պետք է գիտակցի, որ ամեն վայրկյան մեր վարքագծով մշակույթ ենք ստեղծում, և պետք է այնիսի մշակույթ ստեղծենք, որն աշխարհին պարզերես կներկայացնի հայ տեսակը»:
Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ակնատես կլինեն հայկական խաչքարերի և զարդաքանդակների ստեղծմանը, ինչպես նաև կավե անոթների պատրաստման ստեղծագործական գործընթացներին: Խեցեգործության բազմադարյան ավանդույթները ներկայցնող այդ կավե նմուշները կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության թանգարանը:
Սիմպոզիումի ցուցահանդեսի բացումը տեղի կուեննա մայիսի 21-ին` ժամը 12-ին, «Հայ միասնության խաչ» ՀԿ տարածքում:
Մայիսի 17-ին Արմավիրի մարզ կատարած շրջայցի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս այցելեց «Հայ Միասնության Խաչ» արվեստի դպրոց, շրջեց ողջ տեղանքով, ծանոթացավ բաժիններին, զրուցեց սիմպոզիումի մասնակիցների հետ:
1987թ. հիմնադրված դպրոցում գործում են արվեստաց և ազգային խոհանոցի խմբակներ, ուր էջմիածին քաղաքից ու հարակից համայնքներից հաճախում են 4-18 տարեկան 215 երեխա: Արվեստանոց-դպրոցում գործում են խեցեգործության, նկարչության, գորգագործության, կարպետագործության, բատիկայի, տարազագործության խմբակներ: Դասավանդող ուսուցիչներ ունեն համապատասխան կրթություն և որակավորում: Խոցելի խմբերի համար (հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, սոցիալակես անապահով երեխաներ), ուսուցումն անվճար է: 2015թ-ին, Գ. Մաչանենցի խոսքով, իրենց արվեստանոց է այցելել 15 հազար զբոսաշրջիկ, որոնց 80 տոկոսը հայեր չեն եղել, իսկ նրանց 60 տոկոսն էլ ընդհանրապես ոչ մի տեղեկություն չի ունեցել Հայաստանի մասին, այնպես որ իրենք իրենց առջև նաև Հայաստանը հավուրպատշաճի ներկայացնելու խնդիր են դրել:
Գրիգոր Մաչանենցը նախարարին ներկայացրեց նաև իրենց թատրոնի շենքը, որի երկրորդ հարկը վերակառուցման կարիք ունի: Նրա խոսքով, ինքն իր երազների ճարտարապետն է, և եթե երազ չի տեսնում, թղթին չի հանձնում գծագիրը, չի գործարկում այն. «Հիմա երազ եմ տեսել, որ Էջմիածնում երկրորդ թատրոնը պետք է կառուցեմ, որի մուտքը քարանձավով պետք է լինի, որպեսզի մինչև դահլիճ մտնելը, մարդը հոգեբանորեն պատրաստվի, դրսի շապիկը թողնի դրսում և հավասարման նշանով մտնի դահլիճ»,- ասաց նա` ընդգծելով, որ այժմ այդ խորհրդավոր թատրոնի շինարարությունն ընթացքի մեջ է, և հավանաբար մեկ տարուց շահոգործման կհանձնվի. «Եթե էլի երազ տեսնեմ, նոր բան կստեղծեմ»:
«Մաչանենց» տանը հաշվի է առնված ամեն մանրուք, ամենուր արվեստ ու արհեստ է, այդ ամենն արված է հայկական մշակույթի տարերով (անգամ ռեստորանում և հյուրանոց-կացարանում):
Լրագրողների հետ զրույցում Գ. Մաչանենցը նշեց, որ շատ ուրախ է, որ մշակույթի նախարարն անձամբ այցելե իր արվեստանոց և իր աչքով տեսավ, թե ինչ է այն իրենից ներկայացնում. «Շատ եմ սիրում «Թագավորն ու չարչին» գրվածքը, որովհետև ճիշտ է, երբ թագավորը, չարչու շորեր հագած, մտնում է ժողովրդի մեջ, որ ժողովրդի դարդն առաջին աղբյուրից իմանա. մյուս աղբյուրները կարող են խեղաթյուրել իրականությունը: Շնորհակալ եմ, որ նախարարն այցելեց մեզ, առաջին աղբյուրից խմեց այն տեղեկությունը, որը «Հայ Միասնության Խաչ» է կոչվում»,- ասաց նա` ընդգծելով, որ իրենք բաց կազմակերպություն են, սիրում են համագործակցել թե´ տեղական ինքնակառավարման մարմինների, թե´ կառավարության ներկայացուցիչների հետ, որովհետև ժամանակն է, որ հավասարության նշան դրվի նախարարի, նահանգապետի, թագավորի և ռամիկի միջև. «Այդ նշանն է, որ դարերով փնտրում ենք, սակայն չենք գտնում. եթե այդ նշանը դրվի, շփումն ավելի արդյունավետ կդառնա: Պատրաստվում եմ որոշ առաջակներ ներկայացնել նախարարին. նա համոզվեց, որ ես տեսակով գործնական մարդ եմ, և հնարավոր է` արդյունավետ շփում ստացվի: Ես սիրում եմ «այո» լսել, բայցև հոգեբանորեն միշտ պատրաստ եմ «ոչին»»: