[Iravunk.com] Էջմիածնում բացվեց «Մաչանենց» 2-րդ միջազգային սիմպոզիումը` նվիրված միջմշակութային երկխոսությանը

Մայիսի 14-21-ը Էջմիածին քաղաքում, «Հայ Միասնության խԽաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց «Միասնության արվեստ» խորագրով «Մաչանենց» 2-րդ միջազգային սիմպոզիումը:
Այս տարի սիմպոզիումը նվիրված էր միջմշակութային երկխոսությանը, որին մասնակցում էին 23 հայ եւ 14 օտարերկրացի նկարիչներ` աշխարհի 7 երկրներից` Հայաստան, Ճապոնիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Գերմանիա, Բելառուս, Եգիպտոս: Սիմպոզիումին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հայկական խաչքարագործության արվեստի պահպանման ծրագիրն իրականացնող «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցը» եւ Սիսիան քաղաքից խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանը: Նախորդ տարի սիմպոզիումը` «Երբ ծաղկում են բալենիները» խորագրով նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Հայ Միասնության Խաչ» հասարական կազմակերպության հիմնադիր-ղեկավար ԳՐԻԳՈՐ ՄԱՉԱՆԵՆՑ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ խոսքով` արդեն երկրորդ տարին իրականացվող սիմպոզիումը հնարավորություն է ընձեռնում մշակութային փոխանակման, ավանդական մշակութային ժառանգության պահպանման ու տարածման համար.«Մեր ազգն ամեն վայրկյան իր վարքագծով մշակույթ է ստեղծում: Մենք պետք է այնպիսի մշակույթ ստեղծենք, որով հնարավոր կլինի ամբողջ աշխարհին ներկայացնել հայի տեսակը»,-նշեց Գ. Մաչանենց Բաբախանյանը եւ հավելեց, որ «Հայ Միասնության Խաչ» հ/կ-ն հիմնադրվել է մոտավորապես 30 տարի առաջ` մեծ գիտակցումով, որ մշակութային պատերազմը զինադադար չի ճանաչում: Նա նաեւ տեղեկացրեց, որ շուտով Էջմիածինը կունենա երկրորդ թատրոնը, որտեղ հանդիսատեսը մուտք կգործի քարանձավային ճանապարհով.«Ես իմ երազների ճարտարապետն եմ, մինչեւ երազ չեմ տեսնում եւ երազիս գծագիրը թղթին չեմ հանձնում, այն չի իրագործվում: Հերթական երազիս գծագիրը նոր թատրոն ունենալու մասին է, այժմ ընթանում է շինարարական աշխատանքներ եւ հավանաբար հաջորդ տարի նոր թատրոնի շենքը պատրաստ կլինի»,-շեշտեց «Հայ Միասնության Խաչ» հ/կ հիմնադիրը:

Արդեն «Իրավունքի» հետ զրույցում խեցեգործ վարպետ ՎԱՀԱԳՆ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԸ փաստեց, որ սիմպոզիումը հնարավորություն է տալիս ստեղծագործողներին իրենց աշխատանքները ներկայացնելու հասարակության լայն շրջանակներին: Ըստ նրա, վերջին մի քանի տարիների ընթացքում հասարակության, հատկապես երիտասարդների շրջանում մեծացել է խեցեգործության նկատմամբ հետաքրքությունը, նրանցից շատերը ցանկություն են հայտնում սովորելու. «Խեցեգործության գաղտնիքներին տիրապետելու համար պետք է շատ համբերատար լինել, նախկինում սիրում էի լռության մեջ աշխատել, ասօր ընդհակառակը` աղմուկ ու երաժշտություն պետք է լինի: Աշխատանքի շատ հրավերներ եմ ստացել արտերկրից, բայց մերժել եմ, այստեղ ավելի հետաքրքիր գործեր են ստեղծվում»,-նշեց խեցեգործ վարպետը: Սիմպոզիումի շրջանակում նրա ստեղծած աշխատանքների թիվը անցնում է 100-ը, դրանց մեծ մասը միջնադարյան կավե գործերի կրկնօրինակներն են, որոնք վերականգնելուց հետո պահպանվելու են «Հայ Միասնության Խաչ» հ/կ-ում: