«Առավոտ օրաթերթ» Ինովացիաներ-ՏՀՏ-ն` որպես ԵՏՄ տնտեսական զարգացման քարշակ


Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՄԽ «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնում» տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Ինովացիաներ – ՏՀՏ-ն որպես Եվրասիական Տնտեսական Միության տնտեսական զարգացման քարշակ» թեմայով։
Կլոր սեղանին մասնակցեցին Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի (ԵՏՀ) Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ-Նախարար տիկին Կարինե Մինասյանը, Տեղեկատվական Տեխնոլոգիաների Վարչության Տնօրեն պարոն Խաժակ Կարայանը, ԵՏՀ այլ պաշտոնատար անձինք։ Հայկական կողմից ներկա էին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, ՏՀՏ Գործատուների Միության, Ինտերնետ Հանրություն ՀԿ, «ԱՐՄԻՔՍ» Հիմնադրամի, «Արփինետ» ընկերության ղեկավարները, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՓՄՁ ԶԱԿ ներկայացուցիչներ, ՏՏ ընկերությունների ղեկավարներ, ոլորտի փորձագետներ։ Հանդիպման ընթացքում թեժ քնարկումներ տեղի ունեցան ԵՏՄ շրջանակներում ՏՀՏ գործածությունը՝ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումն ապահովելու խնդրին, ՏՏ պրոդուկտների հավաստագրման խնդիրների, տնտեսության ճյուղերի համար ՏՀՏ լուծումների միասնական ռեստրի ստեղծման, աքսելերատորների աշխատանքի աջակցման հարցերի շուրջ։ Նշվեց, որ ԵՏՀ-ն բաց է հայ գործընկերների համար և, հաշվի առնելով ԵՏՀ պրոֆիլային ուղղություններում հայ պաշտոնյաների ներգրավվածությունը, կոչ է արվում ներկայացնել առաջարկություններ և նկատառումներ ԵՀՏ կողմից Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների մասով առավել ակտիվ աշխատանքներ կազմակերպելու նպատակով։ Համաձայնություն ձեռք բերվեց ուղեգրել ԵՏՀ պաշտոնյաներին սույն թվականի հոկտեմբերի 3-4 Հայաստանում կայանալիք Եվրասիական Ցանցային Օպերատորների Խմբի ”ENOG 12” համաժողովին։ Հանդիպման կազմակերպիչն էր հանդիսանում ԱՐՄԻՔՍ հիմնադրամը՝ Արփինետ ընկերության աջակցությամբ։